ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից ռուսներ են զոհվել

«Հարյուրավոր ռուսների զոհվելու» մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունները «դասական ապատեղեկատվություն» է:
rd-agn

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով կարող էին զոհվել հինգ ռուսներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարյուրավոր ռուսների զոհվելու» մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունները նա անվանել է «դասական ապատեղեկատվություն»:

«Նրանք 400-ը չեն, 9-ը չեն, 100-ը չեն և ոչ էլ 10-ը»,- ընդգծել է դիվանագետը՝ շեշտելով, որ խոսքը կարող է հինգ զոհերի մասին լինել, ենթադրաբար՝ ռուսների:

«Կան նաև տուժածներ, բայց այդ ամենը ճշտում է պահանջում, մասնավորապես և առաջին հերթին, իհարկե, քաղաքացիության. արդյո՞ք նրանք բոլորը հանդիսանում են Ռուսաստանի, թե այլ երկրների քաղաքացիներ»,- ավելացրել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ խոսքը ռուսաստանցի զինծառայողների մասին չէ: «Սիրիական հակամարտության գոտում տարբեր նպատակներով գտնվում են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր տարածաշրջաններից, այդ թվում՝ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից: Նրանց բոլորին հետևելը դժվար է»,- ասել է Զախարովան:

Հավելենք, որ «Իսլամական պետության» դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շտաբը հայտարարել էր, որ «Սիրիական կառավարամետ ուժերը փետրվարի 7-ին հարձակում են իրականացրել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շտաբի վրա»:

Ըստ արեւմտյան եւ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ կառավարամետ ուժերի կազմում եղել են հիմնականում ռուսներ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունից։ Զոհերի հավանական թիվ նշվում է 100-ից 200-ը։

ՌԴ ՊՆ հայտարարել է, որ տուժածները որեւէ կապ չունեն ռուսական ռազմական գերատեսչության հետ։ Իսկ ՌԴ նախագահ Պուտինի մամլո քարտուղար Պեսկովը նշել էր, որ իրենք տեղեկություններ ունեն Սիրիայում գտնվող միայն այն ռուսների մասին, որոնք ՌԴ զինուժի կազմում են։

*

*