Պուտինը ոստիկանության 2 գեներալի է աշխատանքից ազատել՝ Գոլունովի գործի հետ կապված

ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը պահանջել էր աշխատանքից ազատել նրանց
yuri,-andrey

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ոստիկանության 2 գեներալի աշխատանքից ազատման մասին հրամանագիր է ստորագրել: Նրանք են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Յուրի Դեվյատկինն ու ՆԳՆ Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի հարցերով վարչության պետ Անդրեյ Պուչկովը, գրում է meduza.io-ն:
Ռուսական «Մեդուզա» լրատվական գործակալության լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումից հետո, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը պահանջել էր  աշխատանքից ազատել նրանց:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի կենտրոնում ի աջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ է անցկացվել, որի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:

Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:

*

*