Պուտինի, Էրդողանի ու Ռոհանիի հանդիպումը դրական արդյունքներ է գրանցել

Երեք առաջնորդներն էլ դեմ են արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Սիրիայում «նոր իրողություններ ձեւավորելու» ցանկացած փորձի:
erdoghan-putin-rohani (1)

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն աջակցում են Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը: Այս մասին նշված է համատեղ հռչակագրում, որը երեկ ընդունվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռոհանիի մասնակցությամբ Անկարայում անցկացված եռակողմ հանդիպման արդյունքներով:

Հռչակագրում առանձին ընդգծվում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում կայունությունը եւ անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա: Երեք առաջնորդներն էլ դեմ են արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Սիրիայում «նոր իրողություններ ձեւավորելու» ցանկացած փորձի:

Եռակողմ հանդիպման արդյունքներով ավարտին է մոտենում նաեւ Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի կազմավորումը, որը սահմանադրական բարեփոխումների միջոցով պետք է ապահովի հետպատերազմական Սիրիայի վերականգնումը: Առաջնորդները համաձայնության են եկել մասնավորապես հանձնաժողովի անդամների հարցում: Նրանք համաձայնել են ահաբեկիչների դեմ պայքարելով՝ կայունացնել իրավիճակը Իդլիբում, որը վերահսկում են իսլամիստ զինյալները:

Տեղեկացնենք նաեւ, որ մինչ այս դրական արդյունքները կգրանցվեին Անկարայում, Դամասկոսը ազդակ է հղել Թուրքիային, ինչին վերջինը վաղուց էր սպասում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի նախագահին ուղարկված նամակներում Սիրիայի արտգործնախարարությունը «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորմանն անվանել է «անջատողական-ահաբեկչական»:

*

*