Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը նվերներ են փոխանակել

Պուտինը եւ Կիմ Չեն Ընը գոհ են իրենց հանդիպումից
putin-kim-chen-inn

Վլադիվոստոկում ավարտվել են Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների՝ մոտ 4 ժամ տեւած բանակցությունները: 2011 թվականից ի վեր Հյուսիսային Կորեան ղեկավարող Կիմ Չեն Ընն առաջին անգամ է Ռուսաստանում: Ավելին՝ առաջին անգամ է դեմ առ դեմ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

Կիմի այս այցը միջազգային վերլուծաբանները դիտարկելիս շեշտում են այն հանգամանքը, որ փետրվարին նրա ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնագրի:

Պուտինը եւ Կիմ Չեն Ընը գոհ են իրենց հանդիպումից, որը երկուսն էլ «բովանդակային» են անվանել: Առանձնազրույցը, ի դեպ, պետք է տեւեր 50 րոպե, բայց ձգվել է 2 ժամ:

Առաջնորդները նաեւ նվերներով են փոխանակվել: Կիմը Պուտինին նվիրել է ավանդական կորեական սուր, իսկ Ռուսաստանի նախագահը` սուսեր եւ թեյի սպասքի ճամփորդական հավաքածու: Ու քանի որ զենք նվիրելը վատ նշան է համարվում, ղեկավարները խորհրդանշական կերպով փոխանակվել են մետաղադրամներով:

Բանակցություններն ամփոփող ասուլիսին Պուտինը մենակ է եղել: Նա հայտարարել է` Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի համար Փհենյանին երկրի անվտանգության եւ ինքնիշխանության պահպանման միջազգային երաշխիքներ են պետք: Պուտինը լրագրողներին իր տպավորությունների մասին էլ է պատմել՝ «Կիմ Չեն Ընը սրտաբաց անձնավորություն է, հետաքրքիր, քաջատեղյակ զրուցակից»:

*

*