Պուտինն ու Էրդողանը «ճակատագրական պայմանավորվածություններ» են ձեռք բերել

Պուտինի եւ Էրդողանի ավելի քան 6 ժամ տեւած բանակցություններն ավարտվել են
putin-erdoghan
Սոչիում Թուրքիայի նախագահի հետ ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շատ կարևոր, իր բնորոշմամբ՝ «ճակատագրական պայմանավորվածություններ» են ձեռք բերել։
Խորհրդակցությունների արդյունքներով ընդունված հուշագիրը երկու երկրների արտգործնախարարները ներկայացրել են 2 լեզվով։ Ըստ այդմ՝ Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ Թուրքիայի գործողություններից դուրս գտնվող գոտի չորեքշաբթի կեսօրից մուտք կգործեն ռուսական ռազմական ոստիկանությունը եւ Սիրիայի բանակը։ Նրանք կնպաստեն քրդական ուժերի եւ նրանց զինտեխնիկայի՝ սահմանից 30կմ շառավղով դուրսբերմանը, իսկ այս գործընթացը պետք է ավարտվի 150 ժամվա մեջ։
Այդ պահից սկսած ռուս-թուրքական ուժերը պարեկություն կսկսեն սահմանից 10 կմ խորության վրա՝ «Խաղաղության ակունք» գործողության տարածքից արևելք ու արեւմուտք։ Պարեկություն չի սահմանվի Քամիշլի քաղաքում, որտեղ, ի դեպ, նաև հայեր են ապրում։ Այս պահին գոյություն ունեցող ստատուս քվոն կպահպանվի Թել Աբյադ եւ Ռաս էլ այն քաղաքների միջև ընկած տարածքում։
 
Հուշագրի համաձայն՝ քրդական ուժերը կհանվեն Մանբիջից ու Թալ-Ռիֆաթից:
Նախագահները նաև հաստատել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը և կողմ են արտահայտվել Ադանայի համաձայնագրին, նաեւ հավատարմություն են հայտնել Աստանայի ձևաչափին։

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*