Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել Էրդողանին

Էրդողանը վանիլային պաղպաղակ է ընտրել, իսկ Պուտինը՝ շոկոլադե եւ սերուցքային

Օգոստոսի 27-ին մեկօրյա այցով Մոսկվա ժամանած Թուրքիայի նախագահը ՄԱՔՍ-2019 ավիացիոն-տիեզերական սրահում հետաքրքրվել է Ռուսաստանի ղեկավարից ռուսական նոր՝ հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների ձեռքբերման հնարավորությամբ: Նմուշները դիտելիս Էրդողանը հարցրել է՝ արդյոք կարելի է գնել կործանիչները: Պուտինն էլ կարճ ու հստակ պատասխանել է՝ «կարող եք գնել»:

«Ռոսկոսմոս» պետկորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն էլ Էրդողանին առաջարկել է կազմակերպել թուրք տիեզերագնացի թռիչքը ուղեծիր՝ 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի պատվին:

Թուրքիայի նախագահի այցից եւս մեկ հետաքրքրաշարժ դրվագ: Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկերոջը, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքի ավիացիոն-տիեզերական սրահի տարածքում: Էրդողանը վանիլային պաղպաղակ է ընտրել, իսկ Պուտինը՝ շոկոլադե եւ սերուցքային: «Կվճարե՞ս իմ փոխարեն»,-հարցրել է Էրդողանը: «Կվճարեմ, չէ՞ որ դու մեր հյուր ես»,-պատասխանել է Պուտինը: Վաճառողուհին ասել է, որ երկրի նախագահը պետք է 210 ռուբլի վճարի: Պուտինը 5 հազարանոց է տվել՝ խնդրելով մանրը տալ պաղպաղակի սառնարանի մոտ կանգնած Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարին՝ կատակելով՝ հանուն ավիացիայի զարգացման:

*

*