Պոմպեոն ու Լավրովը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ

Մայք Պոմպեոն այս պաշտոնում առաջին անգամ է այցելում Ռուսաստան:
pompeo-lavrov

Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ բանակցելու նպատակով Սոչի է եկել Միացյալ Նահանգների պետքարտուղարը: Մայք Պոմպեոն այս պաշտոնում առաջին անգամ է այցելում Ռուսաստան:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի դեպ, մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ են հանդիպում:

«Այստեղ եմ, որովհետեւ նախագահ Թրամփը պատրաստակամ է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- Սերգեյ Լավրովի հետ հանդիպման սկզբում ասել է Պոմպեոն: Լավրովի հետ բանակցությունները տեւել են 3 ժամ:

Բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Լավրովի խոսքով՝ դեռ շատ տարակարծություններ ունեն Իրանի միջուկային ծրագրի հարցում, բայց շարունակում են խոսել այդ թեմայի շուրջ:

Պոմպեոն էլ խոսել է Վենեսուելայի հարցում իրենց սկզբունքային դիրքորոշման մասին՝ շեշտելով, որ Մադուրոն պետք է հեռանա: Լավրովը եւ Պոմպեոն ասուլիսից հետո կուղեւորվեն Ռուսաստանի նախագահի ամառային նստավայր՝ հանդիպելու եւ ներկայացնելու Վլադիմիր Պուտինին բանակցությունների արդյունքները:

*

*