Փարիզի խցանումների ընդհանուր երկարությունը կազմում է 631 կիլոմետր

Առանձնապես բարդ իրավիճակ է ստեղծվել մետրոյում եւ արվարձանային գնացքներում, որտեղ ինը գիծ փակ է
pariz,xcanum

Փարիզի տարածաշրջանում դեկտեմբերի 9-ին ավտոմոբիլային խցանումները հասել են 2019 թվականի համար ռեկորդային ցուցանիշի, ինչի մասին հայտնում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները:

Այս պահին խցանումների ընդհանուր երկարությունը կազմում է 631 կիլոմետր: Ֆրանսիայի մայրաքաղաքի շրջանում նախորդ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել էր հոկտեմբերի սկզբին: Ճանապարհներին բարդ իրավիճակ է առաջացել, մասնավորապես, այն պատճառով, որ Ֆրանսիայում շարունակվում է տրանսպորտային համակարգի աշխատակիցների գործադուլը, ինչի հետեւանքով տեղի շատ բնակիչներ ստիպված են եղել հասարակականի փոխարեն օգտվել սեփական տրանսպորտից: Իրավիճակը բարդանում է նաեւ սկսված հորդ անձրեւի պատճառով:

Ճանապարհների մեծ բեռնվածություն է դիտվում նաեւ Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքների, մասնավորապես, Մարսելի, Լիլի եւ Թուլուզի մերձակայքում: Արհմիությունների՝ անցյալ շաբաթվանից շարունակվող գործադուլի պատճառով դեկտեմբերի 9-ին Փարիզում հասարակական տրանսպորտի երթեւեկությունն իրականացվում է զգալի ընդհատումներով: Առանձնապես բարդ իրավիճակ է ստեղծվել մետրոյում եւ արվարձանային գնացքներում, որտեղ ինը գիծ փակ է: Եվս հինգ գծում գնացքները կերթեւեկեն սոսկ ժամանակի որոշակի միջակայքերում:

*

*