Պակիստանում պայթեցրած հիվանդանոցի զոհերի թիվը 90-ից ավելի է

Քվետայի բոլոր բուժհաստատություններում արտակարգ դրություն է հայտարարված:
pakistan-hospital

Առնվազն 93 մարդ է զոհվել Պակիստանի Քվետա քաղաքի (Բելուջստանի նահանգ, որը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում) հիվանդանոցներից մեկում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

«Ահաբեկչական գործողության գրեթե բոլոր զոհերը փաստաբաններ ու լրագրողներ են, որոնք հավաքվել էին հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում՝ հարգելու Բելուջստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Բիլալ Անվար Քազիի հիշատակը, որն սպանվել է օգոստոսի 8-ի առավոտյան»,-նշվում է լրահաղորդման մեջ:

Ներկայում ոստիկանությունն օղակել է հիվանդանոցի մերձակա շրջանը, Քվետայի բոլոր բուժհաստատություններում արտակարգ դրություն է հայտարարված:

Տարածաշրջանում գործող խմբավարումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Քվետան Պակիստանի ամենաանհանգիստ վայրերից մեկն է: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, որոնք կազմակերպվում են ինչպես Բելուջստանի նահանգում գործող «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժման թալիբ-զինյալների, այնպես էլ տեղի բազմաթիվ անջատողական խմբավորումների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*