Օլեգ Սենցովն արժանացել է Եվրախորհրդարանի՝ Սախարովի անվան մրցանակին

«...պարգեւատրվել արիության եւ հաստատակամության համար»
oleg-sencov

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում Ղրիմում ահաբեկչության համար դատապարտված Օլեգ Սենցովին հայտարարել Է 2018 թվականի Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի դափնեկիր, ում Ուկրաինան համարում Է իր քաղաքացին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եվրախորհրդարանի խմբակցությունների նախագահների խորհրդակցությունում որոշում ընդունվեց 2018 թվականի մրցանակը հանձնել Օլեգ Սենցովին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: Նա առանձնապես ընդգծել Է, որ Սենցովն «այս մրցանակով պարգեւատրվել է իր արիության եւ հաստատակամության համար»:

«Նրան պարգեւատրելով մրցանակով՝ Եվրախորհրդարանը դրանով իսկ ցուցադրում Է իր աջակցությունն ինչպես Սենցովին, այնպես էլ նրա դավանած արժեքներին»,- ասել Է Տայանին:

Նշենք, որ ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող 42-ամյա Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի Ղրիմում, 2015 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։ 2018 թվականի մայիսի 14-ից հոկտեմբերի 5-ն Օլեգ Սենցովը  հացադուլի մեջ է եղել` պահանջելով ազատել ռուսական բանտերում գտնվող բոլոր ուկրաինացի քաղբանտարկյալներին։ Այն ավարտվել է բռնի կերակրմամբ:

*

*