ՌԴ նախագահը չեղյալ է հայտարարել Օլանդի հետ հանդիպումը

Օլանդն արդեն արձագանքել է՝ ասելով, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել իր ռուս պաշտոնակցի հետ ու քննարկել միմիայն սիրիական հակամարտության թեման:
oland-putin

Իսկ ահա հոկտեմբերի 19-ին Փարիզ ծրագրված այցը Ռուսաստանի նախագահը չեղյալ է հայտարարել: Այս մասին տեղեկացրել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ֆրանսիայում նախատեսվում էին մի շարք միջոցառումներ՝ կապված ռուսական հոգեւոր-մշակութային կենտրոնի բացման հետ: Ցավոք, այդ միջոցառումները դուրս են մնացել ծրագրից, այդ պատճառով էլ նախագահը որոշում է կայացրել չեղյալ համարել Ֆրանսիա այցելությունը»,- ասել է Պեսկովը: Նա նաեւ նշել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Օլանդին, երբ վերջինին հարմար լինի:

Իսկ Օլանդն արդեն արձագանքել է՝ ասելով, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել իր ռուս պաշտոնակցի հետ ու քննարկել միմիայն սիրիական հակամարտության թեման, այլ միջոցառումների նրան ուղեկցել Ֆրանսիայի նախագահը չի պատրաստվում:

Ռուս-ֆրանսիական հարաբերություններում նման զարգացումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ երկուշաբթի Օլանդը հայտարարեց, որ Ռուսաստանին կարող է մեղադրանք առաջադրվել՝ պատերազմական հանցագործություն իրականացնելու համար՝ կապված սիրիական Հալեպ քաղաքում իրականացվող հրթիռակոծությունների հետ:

Պուտինի խոսնակ Պեսկովն ընդգծել է, որ Օլանդի այդ խոսքերը ոչ մի կապ չունեն այցի չեղարկման հետ, մինչդեռ արեւմտյան լրատվամիջոցները հակառակն են պնդում:

*

*