Օբաման միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի դեմ

Օրերս Սպիտակ տան խոսնակն ասել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է միջամտել ընտրությունների ընթացքին:
obama-putin

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խոստացել է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, որին Վաշինգտոնը մեղադրում է երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վրա ազդելու մեջ:

«Երբ որեւէ օտարերկրյա կառավարություն փորձում է ազդել մեր ընտրությունների վրա, մենք, անկասկած, պետք է գործենք: Եւ կանենք՝ ուղղակի մեր իմացած տեղում ու ժամին: Մեր տված պատասխանի մի մասը կարող է հրապարակային դառնալ, իսկ մյուս մասը կարող է գաղտնի մնալ»,- ասել է Օբաման:

ԱՄՆ հետախուզական ծառայությունների ունեցած տվյալների համաձայն՝ Կրեմլի համար աշխատող հաքերները հարձակում են գործել Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցի վրա՝ հավելյալ բարդություններ առաջացնելով այդ կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի համար:

Օրերս Սպիտակ տան խոսնակն ասել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է միջամտել ընտրությունների ընթացքին: Մոսկվայի նպատակն էլ նախագահական ընտրությունները հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփին օգնելն էր: Կրեմլը, ինչպես նաեւ հենց Թրամփը, այդ պնդումները ծիծաղելի են համարում:

*

*