Թերեզա Մեյը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Մենք պատրաստ ենք մեր փորձառությունը փոխանցել Ձեր կառավարությանը»
tereza-mey

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:

Ուղերձում ասված է.

«Ողջունում եմ Ձեր ցանկությունը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ժողովրդավարական պետություն, որում հիմնովին ամրագրված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության սկզբունքները: Դուք կարող եք ակնկալել Միացյալ Թագավորության գործնական աջակցությունն ուղղված այս ոլորտում Ձեր ջանքերի իրականացմանը: Մենք պատրաստ ենք մեր փորձառությունը փոխանցել Ձեր կառավարությանը, պետական հաստատություններին և քաղաքացիական հասարակությանը՝ Հայաստանի և հայ ժողովրդի պայծառ ապագան կերտելու ճանապարհին:

Միացյալ Թագավորության և Հայաստանի երկկողմ հարաբերություններն արդեն իսկ ամուր են, սակայն կցանկանայի տեսնել դրանց հետագա ամրապնդումը, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և միջխորհրդարանական համագործակցության ոլորտներում: Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում՝ համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու, համընդհանուր արժեքները խթանելու և օրինահենք միջազգային համակարգն ամրապնդելու ուղղությամբ»:

*

*