ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սեւ ծովում

ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ լրացուցիչ ուժեր են հատկացնելու Մերձբալթիկայում ու Լեհաստանում բազմազգ գումարտակներ ստեղծելու համար:
nato

ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ լրացուցիչ ուժեր են հատկացնելու Մերձբալթիկայում ու Լեհաստանում բազմազգ գումարտակներ ստեղծելու համար: Այս մասին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Նա հայտնել է, որ Ալբանիան, Իտալիան, Լեհաստանն ու Սլովենիան իրենց ավանդն են ունենալու Լատվիայում Կանադայի ղեկավարած գումարտակում: Բելգիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները եւ Նորվեգիան կմիանան Գերմանիայի ղեկավարած գումարտակին Լիտվայում: Դանիան ու Ֆրանսիան էլ կմիանան Մեծ Բրիտանիայի ղեկավարած գումարտակին Էստոնիայում: Իսկ ահա Ռումինիան ու Միացյալ Թագավորությունը՝ Լեհաստանում Միացյալ Նահանգների ղեկավարած գումարտակին:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքի անդամ երկրներից ցանկացածի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլորի վրա: «ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ռուսաստանի գործողություններով: Այդ երկրի ռազմական ներուժի ընդլայնումը եւ իր հարեւան երկրների վրա ռազմական ուժի կիրառման պատրաստակամությունը նշանակում են, որ ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստվում են նաեւ ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը Սեւ ծովում: Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Թուրքիան ու Միացյալ Նահանգները հայտնել են այդ հարցում իրենց ավանդը ներդնելու պատրաստակամության մասին:

Ի դեպ, դաշինքի անդամները պատրաստ են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնել մոտ ապագայում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները