ՄԻԵԴ․ՌԴ-ն պարտավոր է 3 մլն եվրո վճարել Բեսլանի զոհերի հարազատներին և տուժածներին

Դատարանը վճռել է նաեւ, որ ՌԴ-ն հարձակման նախապատրաստման մասին տեղեկություն է ունեցել, սակայն չի կանխել այն։
beslan

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանի իշխանություններին պարտավորեցրել է մոտ 3 միլիոն եվրոյի փոխահատուցում վճարել Բեսլանի ահաբեկչության զոհերի հարազատներին եւ տուժածներին, գրեթե 90 հազար եվրո էլ՝ դատական ծախսերը փոխհատուցելու համար:

Այդ դատարան հայց էր ներկայացրել Ռուսաստանի 409 քաղաքացի, այդ թվում նաեւ տուժածների ու զոհերի հարազատներ: Դատարանը վճռել է նաեւ, որ Ռուսաստանի իշխանությունները հարձակման նախապատրաստման մասին տեղեկություն են ունեցել, սակայն կանխելու քայլեր չեն ձեռնարկել: Նաեւ, ըստ վճռի, իշխանությունները չեն կարողացել գրոհն այնպես կազմակերպել, որ նվազագույնի հասցնեն պատանդների ու զոհերի թիվը:

Կրեմլից արձագանքել են ու հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անընդունելի է:

2004 թվականին չեչեն անջատողականներն ավելի քան 1000 պատանդ էին վերցրել Բեսլանի դպրոցներից մեկում: 3 օր անց Ռուսաստանի իշխանությունները դպրոցը գորհելու որոշում էին կայացրել: Տեղի ունեցածի հետեւանքով զոհվել էր ավելի քան 330 մարդ, այդ թվում՝ 186 երեխա:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*