Մերկելը G7-ի համաժողովում մերժել է Թրամփի «բարեխոսությունը» Ռուսաստանի համար

Եվրոպական երկրների ղեկավարների մեծ մասը դեմ է արտահայտվել Ռուսաստանի՝ G7-ի կազմ վերադառնալու առաջարկին՝ բացառությամբ Իտալիայի վարչապետի
g7

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնավորումները Ռուսաստանի՝ G8-ի կազմ վերադառնալու վերաբերյալ համոզիչ չեն: «Ես չեմ կարող մանրամասն պատասխանել: Իհարկե մենք հարց տվել ենք այդ մասին, բայց նրա պատասխանը համոզիչ չի եղել»,- հայտարարել է Մերկելը ARD հեռուստաալիքի եթերում:

Մերկելի խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ «Ռուսաստանը կարևոր դեր է խաղում պատերազմի ու խաղաղության հարցերում», սակայն G7-ի ձևաչափում համագործակցում են ընդհանուր արժեքներ կիսող պետությունները: Մերկելը միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ դեր է խաղում բազմաթիվ միջազգային խնդիրներում, և առանց վերջինիս մասնակցության հնարավոր չի լինի խաղաղ հանգուցալուծում գտնել ուկրաինական ու սիրիական հակամարտություններում:

«Ռուսաստանը մեզ պետք է ապառազմականացման համար բանակցություններում, ուկրաինական հարցով բանակցություններում, և մեզ Ռուսաստանը պետք է սիրիական հարցում քաղաքական որոշումների կայացման համար»,- հայտարարել է Մերկելը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր G7-ի կազմ Ռուսաստանի վերադառնալու անհրաժեշտության մասին, սակայն Կանադայում անցկացվող համաժողովում եվրոպական պետությունների ղեկավարների մեծ մասը դեմ է արտահայտվել այդ առաջարկին՝ բացառությամբ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի:

Ի դեպ, ԱՄՆ նախագահը հրաժարվել է ստորագրել «մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների ընդունած ամփոփիչ արձանագրությունը՝ պատճառաբանելով իր քայլը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արած այն հայտարարությամբ, թե պողպատի եւ ալյումինի ներմուծման ԱՄՆ-ի մաքսերը «վիրավորական» են, եւ ինքը «թույլ չի տա նստել իր վզին»: Արձանագրությունը չստորագրելու վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Թրամփի քայլը որպես անհետևողականություն որակելով, իսկ Մերկելի համար այն հիասթափեցնող է եղել:

«Պաշտոնական հաղորդագրությունը ստորագրելու որոշումից հրաժարվելը, անշուշտ, հիասթափեցնում է եւ փոքր-ինչ ընկճում: Դա ամրապնդեց իմ այն կարծիքը, որ մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը»,- հայտարարել է Մերկելը՝ նշելով, որ Գերմանիան եւ Եվրամիությունն այլեւս չեն կարող թեթեւամտորեն ապավինել Միացյալ Նահանգներին:

G7-ի համաժողովը Կանադայի Լա-Մալբե քաղաքում մեկնարկել էր հունիսի 8-ին, որի ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի կողմից առևտրային նոր մաքսատուրքերի սահմանման, Իրանի հետ միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու, ինչպես նաև՝ կլիմայական փոփոխությունների հարցերը:

 

Պատրաստեց՝

Հայկ Սահակյանը

*

*