Մերկելի կուսակցության «ճմռթված» հաղթանակը

Չնայած հաղթանակին, սա այս կուսակցության համար ամենացածր արդյունքն է՝ 1949-ից ի վեր:

Երեկ՝ տեղի ժամանակով 18:00-ին, Գերմանիայում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Նախնական տվյալներով՝ Անգելա Մերկելի գլխավորած «Քրստոնեա-դեմոկրատական միությունը», հավաքելով ձայների մոտ 33 տոկոսը, հաղթել է ընտրություններում:

Չնայած հաղթանակին, սա այս կուսակցության ամենացածր արդյունքն է՝ 1949-ից ի վեր: Մերկելն առայժմ չի հայտարարել, թե ում հետ կոալիցիոն կառավարություն կկազմի:

Երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ Մարտին Շուլցի գլխավորությամբ: Այն հավաքել է մոտ 21 տոկոս: Շուլցն արդեն հայտարարել է, որ կառավարության մաս չի կազմի եւ կդառնա ընդդիմություն:

Առաջին անգամ Բունդեսթագ է անցել աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (13 տոկոս): Հիշեցնենք, որ այս կուսակցությունը նախընտրական քարոզչության ժամանակ միգրացիոն քաղաքականությունը խստացնելու, եվրոյից հրաժարվելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու եւ հակաիսլամիստական կոչերով էր հանդես գալիս:

Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս:

Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 18-ից բարձր 61 մլն մարդ:

Բունդեսթագ անցնում են երկու սկզբունքով՝ մեծամասնական (299 տեղ) եւ համամասնական(299 տեղ)։

*

*