Մերկելը վերջին ճառն Է արտասանել ՔԴՄ-ի ղեկավարի կարգավիճակում

«Շնորհակալություն, շեֆ, ՔԴՄ-ի 18-ամյա նախագահության համար»
merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի կարգավիճակում դեկտեմբերի 7-ին Համբուրգի համագումարում արտասանած իր վերջին ճառում երախտագիտություն է հայտնել գրեթե 19 տարի կուսակցությունը գլխավորելու «պատվի եւ ուրախության» համար:

«18 տարվա ընթացքում ես արժանացել եմ այս մեծ, հոյակապ, հպարտ, Գերմանիայում կենտրոնի միակ կուսակցության՝ Քրիստոնեադեմոկրատական միության նախագահը լինելու պատվին: Այդ խնդիրը ես ջանացել եմ կատարել ամենայն նվիրումով ու անձնուրացությամբ: Ես ոչ կանցլեր եմ ծնվել, ոչ էլ կուսակցության նախագահ… Ես միշտ ցանկացել եմ արժանապատվորեն կատարել իմ պարտականությունները պետական ու կուսակցական քաղաքական պաշտոններում եւ երբեւիցե արժանապատվորեն թողնել դրանք: Եվ այժմ եկել է նոր գլուխ բացելու ժամանակը»,- ասել Է Մերկելը:

Այս խոսքերից հետո համագումարի պատվիրակները գրեթե 20-րոպեանոց օվացիա են սարքել Մերկելի պատվին, ոմանք արտասվում էին, շատերը պլակատներ էին պարզել «Շնորհակալություն, շեֆ, ՔԴՄ-ի 18-ամյա նախագահության համար» մակագրությամբ: ՔԴՄ-ի համագումարում դեկտեմբերի 7-ին անցկացվելու են կուսակցության նոր նախագահի, նախագահության եւ վարչության ընտրություններ: Համագումարին մասնակցում է 1001 պատվիրակ:

Ավելի վաղ Մերկելը, որը Գերմանիայի կառավարությունը գլխավորում Է 2005 թվականից, հայտնել է, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին: Նաեւ Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավարը մտադիր չէ պայքարել Բունդեսթագում տեղ գրավելու համար, իսկ Համբուրգի կուսակցական համագումարում չի առաջադրելու իր թեկնածությունը ՔԴՄ-ի նախագահի պաշտոնի համար:

*

*