Թրամփը Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա ներմուծման հարկ կսահմանի

20-տոկոսանոց ներմուծման հարկն ամերիկյան գանձարանին տարեկան կբերի 10 միլիարդ դոլար:
tramp penya nieto

Վաշինգտոնի ու Մեխիկոյի հարաբերությունները շարունակում են լարվել: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիմա էլ մտադիր է ներմուծման հարկ սահմանել՝ Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա եւ ստացված գումարն ուղղել այդ երկրի հետ սահմանի երկայնքով պատի կառուցման ֆինանսավորմանը:

Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ 20-տոկոսանոց ներմուծման հարկն ամերիկյան գանձարանին տարեկան կբերի 10 միլիարդ դոլար:

Պաշտոնական Մեխիկոն քննադատել է Թրամփի այս ծրագիրը՝ նշելով, որ դրա իրագործման դեպքում մեքսիկական ապրանքները կթանկանան ամերիկացի սպառողների համար ու կստացվի, որ նրանք են վճարում այդ պատի կառուցման համար:

Մեքսիկայի արտգործնախարարն ընդգծել է, որ իրենք չեն էլ պատրաստվում քննարկել Թրմափի այդ պատի համար վճարելու հարցը: Ավելի վաղ, նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին մեծ պատնեշ կառուցելու մասին՝ անօրինական գաղթականների, հանցագործների հոսքը, թմրանյութերի ու զենքի փոխադրումը Միացյալ Նահանգներ կանխելու համար:

Դրանից հետո Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն չեղյալ է հայտարարել հունվարի 31-ին Վաշինգտոն ծրագրված այցը:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*