Մեծ Բրիտանիայի խորհրդարանը աջակցեց Մեյին եւ կրկին ուղարկեց Բրյուսել

Համայնքների պալատը նախօրեին քվեարկություն անցկացրեց Brexit-ի համաձայնագրի յոթ ուղղումների շուրջ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հունվարի 29-ին չկարողանալով Brexit-ի խնդրի շուրջ որեւիցե նոր լուծում գտնել՝ պատվիրեց վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ, տեղեկացնում է BBC-ն:

Համայնքների պալատը նախօրեին քվեարկություն անցկացրեց Brexit-ի համաձայնագրի յոթ ուղղումների շուրջ եւ կարողացավ ընդունել միայն հռչակագրային բնույթի մեկ ուղղում ու եւս մեկը, որով վարչապետին հանձնարարվում Է Եվրամիությունից հասնել հյուսիսիռլանդական «բեքսթոփի» մեխանիզմի վերանայման: Այն նախատեսում Է, որ Օլսթերը ինքնաբերաբար Մաքսային միության եւ ԵՄ-ի միասնական շուկայի անդամ կմնա, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկության հարցի շուրջ: Սահման, որն  անցնում Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հետ միասին դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ եվրոպական հանրակցության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ: Հենց «բեքսթոփի» հետ կապված տարաձայնությունները դարձան այն բանի պատճառը, որ հունվարի 15-ին բրիտանացի պատգամավորները վճռականորեն մերժեցին ԵՄ-ի հետ 585-Էջանոց համաձայնագրի տեքստը:

Խորհրդարանը որոշեց նաեւ, որ Միացյալ Թագավորությունը չի կարող առանց պայմանագրի, այսպես ասած՝ կոշտ տարբերակով, դուրս գալ ԵՄ-ից։ Brexit-ի ժամկետների (2019-ի մարտի 29-ի փոխարեն՝ դեկտեմբերի վերջ)  փոփոխության եւ նոր հանրաքվե անցկացնելու նախագծերը մերժվեցին։

«Այժմ մենք խորհրդարանի այդ մանդատով ձգտելու ենք իրավաբանորեն պարտավորեցնող փոփոխությունների հասնել Brexit-ի մասին համաձայնագրի տեքստում»,- ասել Է Թերեզա Մեյը քվեարկությունից հետո: Մինչդեռ Եվրամիության պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ մտադիր չեն որեւԷ փոփոխություն կատարել Brexit-ի մասին համաձայնագրում, որը մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքն Է դարձել:

*

*