Մեծ Բրիտանիան խնդրել է Եվրամիությանը նորից երկարաձգել Brexit-ի օրը

Վարչապետ Թերեզա Մեյը համապատասխան խնդրանքով նամակն ուղարկել է․․․
shotlandia-em-brexit

Մեծ Բրիտանիան խնդրել է Եվրամիությանը նորից երկարաձգել Brexit-ի օրը՝ այս անգամ մինչեւ հունիսի 30-ը: Վարչապետ Թերեզա Մեյը համապատասխան խնդրանքով նամակն ուղարկել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել հնարավորության դեպքում ավելի շուտ երկիրը դուրս բերել Եվրամիությունից՝ Եվրախորհրդարանում մայիսի վերջին կայանալիք ընտրություններին չմասնակցելու համար:

Մեյն ավելի վաղ էլ խնդրել էր ժամանակ տալ մինչեւ հունիսի վերջ, սակայն Եվրամիությունը 2 տարբերակ էր առաջարկել. կա′մ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը ապրիլի 12-ին, եթե բրիտանական խորհրդարանում մինչ այդ չվավերացվի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, կա′մ մայիսի 22-ին, եթե բրիտանացի պատգամավորներն, ի վերջո, հավանության արժանացնեն Եվրամիության հետ վարչապետ Մեյի բանակցած համաձայանգիրը:

Սակայն այդ փաստաթուղթը պատգամավորներն արդեն 3 անգամ մերժել են՝ պնդելով, որ դրանով Բրիտանիան շարունակելու է սերտ կապված մնալ Եվրամիությանը: Այլընտրանքային պայմաններով Եվրամիությունը լքելու կամ ընդհանրապես կառույցից դուրս չգալու շուրջ, խորհրդարանականները նույնպես չեն կարողանում համաձայնության գալ: Իսկ եթե Եվրամիությունը չհամաձայնվի նորից երկարաձգել Բրեքզիթ-ի օրը, Բրիտանիան ստիպված կլինի լքել կառույցը ուղիղ մեկ շաբաթից:

*

*