ՄԱԿ-ը Աֆրինում Թուրքիայի գործողությունների հարցով անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կգումարի

Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել ՄԱԿ-ին արտահերթ նիստ գումարել։
mak-akh-nist

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել դադարեցնել Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները: Դրիանը տեղեկացրել է նաև, որ կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ այդ հարցով արտահերթ նիստ գումարել:

ՄԱԿ-ն ընդունել է ֆրանսիական կողմի առաջարկը և արդեն հայտարարություն տարածել անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու մասին:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ, արձագանքելով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու որոշմանը, ասել է. «Բոլոր նրանք, ովքեր դեմ են Թուրքիայի կողմից Աֆրինում օպերացիա անցկացնելուն, աջակցում են ահաբեկչությանը»:

Հավելենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատել է պաշտոնական Անկարայի գործողությունները՝ ասելով, որ թուրքական զինուժի ագրեսիան Աֆրինի վրա Սիրիայում ահաբեկչությանն աջակցելու Թուրքիայի վարած քաղաքականության մի մասն է: Ասադի դաշնակից Մոսկվան կողմերին զսպվածության կոչեր է անում: Պաշտոնական Դամասկոսի մեկ այլ աջակից Իրանն էլ կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ կանխելու սիրիական ճգնաժամի էլ ավելի խորացումը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։

*

*