Լոնդոնի նախկին քաղաքապետ Ջոնսոնը չի առաջադրվի վարչապետի պաշտոնում

Գոուվի կայացրած որոշումը անսպասելի էր, քանի որ ենթադրվում էր, որ նա կսատարի Բորիս Ջոնսոնի թեկնածությունը:
boris-jonson

Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը չի առաջադրի իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության ղեկավարի, հետեւաբար եւ երկրի վարչապետի պաշտոնում: Նա հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվը հայտարարեց, որ կպայքարի Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնների համար:

Գոուվի կայացրած որոշումը անսպասելի էր, քանի որ ենթադրվում էր, որ նա կսատարի Բորիս Ջոնսոնի թեկնածությունը: BBC-ի փոխանցմամբ, Գոուվը հայտարարել է, որ Ջոնսոնը չի կարող դրսեւորել այնպիսի առաջնորդական հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են երկրի առջեւ դրված խնդիրների լուծման համար:

Ջոնսոնն ու Գոուվը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներից են:

Վարչապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: Վերջինը Եվրամիության կազմում մնալու կողմնակիցներից է:

Վարչապետի պաշտոնի մրցապայքար կմտնեն նաեւ երկրի մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարներ:

Նշեմ, որ հանրաքվեի արդյունքներից հետո, վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարեց իր հրաժարականի մասին, քանի որ բրիտանացիները քվեարկեցին, այսպես կոչված, Brexit-ի օգտին: Քեմերոնը պաշտոնաթող կլինի մոտ երեք ամիսից: Իսկ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները