Լավրովը ներկայացրել է Լիբիայի հարցով բանակցությունների արդյունքները

Լիբիայում հակամարտության կողմերից մի քանիսը ամփոփիչ փաստաթուղթ է ստորագրել
lvrov-libia

Լիբիայում հակամարտության կողմերից մի քանիսը ամփոփիչ փաստաթուղթ է ստորագրել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, սակայն Լիբիայի ազգային բանակի ղեկավար գեներալ Հաֆթարը հավելյալ ժամանակ է խնդրել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաձայնագրի նախագծում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են սահմանել շփման գիծը կայուն հրադադարի պահպանման համար: Բացի այդ, հայտարարվել է ռազմական լարվածության դեէսկալացիա հասնելու անհրաժեշտության մասին:

Փաստաթուղթը ստորագրել են Լիբիայի կառավարության ազգային համաձայնության ղեկավար Ֆայեզ Սարաջն ու պետական բարձրագույն խորհրդի ղեկավար Խալեդ Միշրին: Լավրովի խոսքով՝ Գեներալ Հաֆթարն ու պատգամավորների պալատի ղեկավար Աքիլ Սալեհը կարող են ստորագրել երեքշաբթի:

Հաֆթարն ասել է, որ ողջունում է այդ նախաձեռնությունը, սակայն շարունակում է Տրիպոլիի վրա հարձակումը, որը սկսվել է անցած տարվա ապրիլից: Իր հերթին, Լիբիայի ազգային միասնության միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի մասին նախաձեռնությունը, սակայն Լիբիայի ազգային բանակի ստորաբաժանումների հեռացման պայմանով:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները Ստամբուլում կայացած հանդիպումից հետո կոչ էին արել Լիբիայում հակամարտող կողմերին հունվարի 12-ից հրադադար պահպանել: Նրանք համաձայնել էին, բայց հիմա էլ մեղադրում են իրար հրադադարը խախտելու համար:

Լիբիայում 2011 թվականից՝ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, երկիշխանություն է: Երկրի մի մասը վերահսկում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը, մյուսը՝ գեներալ Հաֆթարի բանակը:

*

*