Լիբանանի կոալիցիոն կառավարությունը հավանության է արժանացրել վարչապետի առաջարկած բարեփոխումների փաթեթը

Լիբանանում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն 5 օր:
libanan

Լիբանանի կոալիցիոն կառավարությունը հավանության է արժանացրել վարչապետ Սաադ Հարիրիի առաջարկած բարեփոխումների փաթեթը՝ թեթեւացնելու տնտեսական ճգնաժամը երկրում:

Փոփոխությունները ներառում են նոր հարկերի ու տուրքերի չեղարկում, ներկա ու նախկին նախագահների, նախարարների եւ պատգամավորների աշխատավարձերի կրկնակի կրճատում:

Անցյալ ուրբաթ Հարիրին իր կոալիցիոն գործընկերներին 72 ժամ էր տվել՝ ընդունելու տնտեսական բարեփոխումների փաթեթը՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում՝ հրաժարական կտա: Վարչապետի վերջնագրից հետո 4 նախարար հրաժարական էր տվել, մյուսները՝ համաձայնվել էին:

Չնայած ցուցարարների պահանջները մասամբ բավարարվել են, այսօր առավոտից լիբանանցիները կրկին փողոց են դուրս եկել, փակել մի շարք գլխավոր ճանապարհներ: Լիբանանում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն 5 օր:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների պատճառ է դարձել անցյալ շաբաթ բջջային մի շարք հավելվածներով, այդ թվում WhatsApp-ով արված զանգերի վրա հարկ սահմանելու կառավարության որոշումը: Թեեւ ցույցերի ֆոնին որոշումն անմիջապես չեղարկվել էր, մարդիկ փողոցից չեն հեռացել: Ցուցարարները մեղադրում են իշխանություններին՝ ապաշնորհ կառավարման եւ կոռուպցիայի համար:

*

*