Մոսկվան պատրաստ է տրամադրել Լավրովի եւ Թրամփի բանակցությունների ձայնագրությունը

Պուտինը նաեւ «քաղաքական շիզոֆրենիա» է որակել ամերիկյան ԶԼՄ-ների կողմից Թրամփին մեղադրելը:
putin

Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած բանակցությունների ձայնագրությունը, եթե Վաշինգտոնը նման ցանկություն հայտնի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե Միացյալ նահանգների վարչակազմը հնարավոր համարի, մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել Թրամփի եւ Լավրովի զրույցի ձայնագրությունը»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Պուտինը նաեւ «քաղաքական շիզոֆրենիա» է որակել ամերիկյան ԶԼՄ-ների կողմից Թրամփին այն բանում մեղադրելը, որ նա ՌԴ ԱԳ նախարարին փոխանցել Է գաղտնի տեղեկություններ:

Պուտինը կատակով նշել է, որ իրեն հարկ կլինի նկատողություն հայտարարել Լավրովին, «որովհետեւ նա չի հայտնել այդ գաղտնիքները ո’չ ինձ, ո’չ էլ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*