Լավրովը սադրանք է որակել Դամասկոսի հասցեին հնչող մեղադրանքը

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե որեւիցե ապացույց չի հայտնաբերվել․․․
lavrov

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե որեւիցե ապացույց չի հայտնաբերվել, որ Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենք է կիրառվել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվի խոսքով՝ ռուս մասնագետներն այցելել են եւ այնտեղ քլորի կամ այլ քիմիական այլ նյութի կիրառման հետքեր չեն հայտնաբերել: Նա սադրանք է որակել Դամասկոսի հասցեին հնչող մեղադրանքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 7-ին Դումայում քիմիական զենքի կիրառման հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Արեւմուտքն անմիջապես դրա համար մեղադրել էր Սիրիայի կառավարությանը, նաեւ նրա դաշնակիցներ Ռուսաստանին եւ Իրանին: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, «կենդանի» անվանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Թվիթերի իր էջում գրել էր, որ նա կվճարի այս հարձակման համար:

Ժամեր անց հարձակման էր ենթարկվել Հոմս քաղաքի մոտ գտնվող սիրիական T-4 ավիաբազան, ինչի հետեւանքով իրանցիներ են զոհվել: Սակայն, ինչպես պարզվել է, Վաշինգտոնն այդ հարձակման հետ կապ չունի: Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանությունները մեղադրում են Իսրայելին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ իսրայելական օդուժի երկու F-15 ինքնաթիռը հարվածներ են հասցրել սիրիական ավիաբազային՝ Լիբանանի օդային տարածքից: Սիրիայի զինված ուժերն էլ հակաօդային մարտի ընթացքում ոչնչացրել են 5 (այլ տվյալներով՝ 8) հրթիռ: Իսրայելը չի մեկնաբանել տեղի ունեցածը:

*

*