Կոլումբիայի իշխանությունները հաշտության համաձայնագիր են կնքել ապստամբական խմբավորման հետ

Դրանով պաշտոնապես վերջ է դրվում 52 տարի տեւած զինված հակամարտությանը:
kolumbia

Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր են կնքել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ: Դրանով պաշտոնապես վերջ է դրվում 52 տարի տեւած զինված հակամարտությանը: Այդ ընթացքում զոհվել է 260.000 մարդ, 6 միլիոն մարդ էլ ստիպված է եղել լքել իր տունը:

Հաշտության համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ կմտնի համաժողովրդական քվեարկությունից հետո, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին: FARC ապստամբական խմբավորման առաջնորդ Տիմոլեոն Խիմենեսը ներողություն է խնդրել հակամարտության հետեւանքով բոլոր զոհվածների համար, այն ցավի, որ մարդկանց պատճառել է այս պատրեազմը:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսն էլ նշել է, որ Կոլումբիան եւ ամբողջ մոլորակը տոնում են սա, քանի որ աշխարհում մի պատերազմ էլ ավարտվեց: Համաձայնագրի ստորագրմանը մասնակիցները՝ այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Կուբայի նախագահը, սպիտակ հագուստ են կրել՝ ի նշան խաղաղության:

Նախագահ Սանթոսն ու FARC-ի առաջնորդ Խիմենեսը համաձայնագիրը ստորագրել են փամփուշտից պատրաստված գրչով: Զինադադարի հասնել հաջողվել է խմբավորման եւ կառավարության միջեւ Կուբայում 4 տարի տեւած բանակցություններից հետո: Այդ ընթացքում կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ: Ի դեպ՝ այս համաձայնագրից հետո FARC-ը կվերածվի քաղաքական կուսակցության:

*

*