ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի իշխանության ընթացքում երկիրն իրականացրել է 30-ից ավելի հրթիռների փորձարկում:

ԱՄՆ-ի զինվորականները օգոստոսի 3-ին հայտարարել են, որ հյուսիսկորեական երկու բալիստիկ հրթիռների միաժամանակյա արձակում են արձանագրել, տեղեկացնում է Reuters-ը:

ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռներից մեկը պայթել է արձակումից անմիջապես հետո, իսկ երկրորդն անցել է Հյուսիսային Կորեայի տարածքի վրայով եւ ընկել Ճապոնական ծովը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հրթիռն արձակվել է օգոստոսի 3-ի առավոտյան Հվանհե-Նամդոյի նահանգից:

Ինչպես նշում է «Ռիա Նովոստի» կայքը, հազար կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռը ենթադրաբար հասել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի եւ ծովն ընկել Ակիտայի պրոֆեկտուրայի Օգա թերակղզուց 250 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի իշխանության գալուց հետո երկիրն ընդհանուր առմամբ իրականացրել է 30-ից ավելի հրթիռների փորձարկում:

«Միջուկային հնարավորությունների կատարելագործման նպատակով բալիստիկ հրթիռի ներկայիս արձակումը արդեն թվով ավելի քան 30-րդն է դարձել Կիմ Չեն Ընի իշխանության գալուց հետո»,- միացյալ կոմիտեի տվյալները մեջբերել է Ռյոնհապ գործակալությունը:

*

*