Քերին մինչեւ վերջ էլ պահեց կարմիր ճամպրուկի գաղտնիքը, որն իր հետ բերել էր Մոսկվա

Սա Քերիի՝ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն 3-րդ այցն էր Ռուսաստան:
john-kerry-moskva-ayc-karmir-champruk

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 23-24-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր: Սա Քերիի՝ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն 3-րդ այցն էր Ռուսաստան: Ու թերեւս այս ամենի մեջ որեւէ տարօրինակ բան չէր լինի, եթե… Քերին Մոսկվայի օդանավակայանում ինքնաթիռից կարմիր ճամպրուկով չիջներ:

Ըստ շրջանառվող լուրերի ՝ ճամպրուկն այս Քերին ոչ մեկին չի վստահել: Ավելին, ուշադրության կենտրոնում է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի կիթառը: Ի՞նչ է եղել խորհրդավոր ճամպրուկում:

Քերին մինչեւ վերջ էլ պահպանել է կարմիր ճամպրուկի շուրջ ծագած ինտրիգն՝ այդպես էլ չբացահայտելով, թե ինչ կար դրա մեջ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Քերիի հետ հանդիպման մեկնարկին, խոստովանել է՝ իրեն էլ է հետաքրքրել պետքարտուղարի այդ ճամպրուկը, որը նա չի վստահել ոչ մեկին եւ դրանով իջել ինքնաթիռի սանդուղքով:

«Այսօր, երբ տեսա, թե ինչպես եք իջնում ինքնաթիռից եւ տանում ձեր իրերը, ես մի փոքր տխրեցի: Մի կողմից շատ դեմոկրատական է, մյուս կողմից` երեւում է՝ գործերն ԱՄՆ-ում լավ չեն ընթանում, ոչ ոք չկա, որ օգնի պետքարտուղարին՝ տանել ճամպրուկը: Բայց կարծես տնտեսության հետ ամեն ինչ լավ է, մեծ կրճատումներ չկան: Հետո մտածեցի, գուցե, այդ ճամպրուկում այնպիսի մի բան կա, որը Դուք չեք կարող ոչ ոքի վստահել, ինչ-որ արժեքավոր բան: Երեւի թե գումար եք բերել՝ առանցքային հարցերի շուրջ սակարկելու համար»,- ասել է Պուտինը։

«Երբ դեմ առ դեմ խոսելու հնարավորություն ունենանք, Ձեզ ցույց կտամ, թե ինչ կա իմ ճամպրուկում: Կարծում եմ` դա ձեզ կզարմացնի: Հաճելի անակնկալ կլինի»,- պատասխանել է Քերին։

Անականկալը հաճելի՞ էր, թե՞ ոչ, գուցե, այդպես էլ չպարզվի:

«Դա Վլադիմիր Պուտինի հետ մեր գաղտնիքն է»,- հանդիպումից հետո ասել է Քերին՝ չփարատելով լրագրողների հետաքրքրասիրությունը:

Սակայն պետքարտուղարը չի հրաժարվել բացահայտել մյուս գաղտնիքը, որը նույնպես հուզել է լրագրողներին՝ ինչո՞ւ է նա Մոսկվա ժամանել կիթառով:

«Ես այն տանում են ինձ հետ ամեն տեղ, ուր էլ որ գնամ: Նվագում են միշտ, երբ նման հնարավորություն է ստեղծվում, ինձ ավելի շատ պրակտիկա է հարկավոր»,- նշել է Քերին:

Մարտի 24-ի երեկոյան Քերիի եւ Պուտինի բանակցությունները տեւել են շուրջ 4 ժամ:

*

*