Տղամարդիկ պետք է կանգնեն կանանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

Սեռական ոտնձգությունների և բռնությունների թիվն աճում է աշխատավայրերում, հանրային տարածքներում...
kanayq

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Ուղերձում ասվում է.

«Գենդերային  հավասարության հասնելը, կանանց և աղջիկների իրավունքների  առաջխաղացումը ներկայիս շարունակական գործընթացներից է և աշխարհում՝ մարդու իրավունքների նկատմամբ  ամենամեծ մարտահրավերը:

Կանանց սերնդեսերունդ ակտիվ գործունեությունն ու քարոզչությունը տվել են իրենց պտուղները: Դպրոցում ավելի շատ աղջիկներ են սովորում, քան երբևէ, ավելի շատ կանայք են վարձատրվող աշխատանք կատարում և ղեկավարի պաշտոն զբաղեցնում մասնավոր սեկտորում, գիտական ոլորտում, քաղաքականության մեջ և միջազգային կազմակերպություններում՝  այդ թվում և ՄԱԿ-ում: Գենդերային հավասարությունն ամրագրված է բազմաթիվ օրենքներում, և այնպիսի  վնասակար գործողություններ, ինչպիսիք են կանացի սեռական օրգանների խեղումն ու երեխաների ամուսնությունները, շատ երկրներում արգելված են օրենքով:

Սակայն, դեռևս առկա են լուրջ խոչընդոտներ խտրականության և շահագործման հիմքում ընկած հնարավորությունների պատմական անհավասարության  դիմակայման հարցում։

Աշխարհում միլիարդավոր կանայք իրավապես պաշտպանված չեն ընտանեկան սեռական բռնությունից: Համաշխարհային մակարդակով աշխատանքի վարձատրության գենդերային տարբերությունը 23 տոկոս է՝ գյուղական վայրերում հասնելով մինչև 40 տոկոսի, իսկ մեծ թվով կանանց կատարած չվճարված աշխատանքի մասին նույնիսկ հայտնի չի դառնում: Կանանց ներգրավվածությունն ազգային խորհրդարաններում միջինում մեկ քառորդից պակաս է, իսկ ղեկավար մարմիններում՝ այդ  ցուցանիշն էլ ավելի ցածր է:

Այնտեղ որտեղ օրենքներ կան՝ հաճախ անտեսվում են, և իրավական պաշտպանություն հայցող կանանց հաճախ կասկածանքով են վերաբերվում, զրպարտում ու մերժում: Ներկայումս հայտնի է, որ սեռական  ոտնձգությունների և բռնությունների թիվն աճում է աշխատավայրերում, հանրային տարածքներում և մասնավոր տներում, այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության հարցում գրանցած իրենց ցուցանիշներով:

Կանանց իրավունքների պաշտպանության այս վճռական փուլում ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը էական են, որպեսզի կանայք կարողանան հասնել իրենց ներուժի ամբողջական գործադրմանը և  զարգացում ապահովեն մեր բոլորիս համայնքներում, հասարակության մեջ և տնտեսություններում»:

*

*