Իտալիայում երկրաշարժը վնասել է 293 պատմական շինություն

Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
italia1

Իտալիայում երկրաշարժը վնասել ու քանդել է պատմական նշանակություն ունեցող 293 շենք: Այդ մասին հայտնել է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Ըստ France-Presse գործակալության հաղորդման՝ խոսքն առավելապես վերաբերում է XIII – XIV դարերի տաճարների, պալատների եւ հուշարձանների: Տարերքը գործնականում լիովին ոչնչացրել է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որն ժամանակին ճանաչվել է «հարյուր եկեղեցիների քաղաք»:

Քաղաքի գխավոր տեսարժան կառույցը՝ սուրբ Ֆրանցիսկոսի բազիլիկը, քանդվել է մասնակիորեն: Սուրբ Օգոստինոսի եկեղեցին, որը կառուցվել է 1428 թվականին եւ գտնվում է Ամատրիչեի մերձակայքում, ամբողջովին քանդված է:

Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից: Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 250-ի, տեղեկացնում է BBC-ին:

Զոհվածների մեծամասնությունը՝ գրեթե 200 մարդ, Ամատրիչե քաղաքից էին:

Իտալիայի կառավարությունը 50 մլն եվրո է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Ռենցին խոստացել է, որ շուտով կհատկացվեն լրացուցիչ միջոցներ:

Արդեն երկրորդ գիշերն է՝ ավերված քաղաքներում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք բարդանում են պարբերաբար կրկնվող ստորգետնյա ցնցումներով:

Իտալիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ հօգնություն տուժածների կուղարկի բոլոր այն միջոցները, որոնք կստացվեն առաջիկա կիրակի օրը թանգարանային ցուցադրանքների տոմսերի վաճառքից: Մշակույթի նախարարը հորդորել է իտալացիներին՝ այցելել թանգարաններ՝ ի նշան երկրաշարժից տուժածների հետ համերաշխության:

*

*