Իսրայելում Թուրքիայի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

Էրդողանը հայտարարել էր , որ Երուսաղեմը շարունակում է գտնվել Իսրայելի օկուպացիայի տակ:
erusaxem

Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմը  այդ երկրի խորհրդարանում քննարկման դրված «Ազանը բարձրախոսի միջոցով կատարելու արգելքի»  օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական  արտահայտությունների պատճառով կանչվել է Իսրայելի արտգործնախարարություն:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով մահմեդականությանը, կոչ է արել որքան հնարավոր է հաճախ այցելել Ալ-Աքսա մզկիթ:

Էրդողանը հայտարարել էր նաև, որ Երուսաղեմը շարունակում է գտնվել Իսրայելի օկուպացիայի տակ և քննադատել է Իսրայելի խորհրդարանում քննարկման դրված օրինագիծը, որով նախատեսվում է արգելել վաղ առավոտյան և ուշ գիշերը կատարվող մուսուլմանական աղոթքի (ազան) բարձրախոսների միջոցով կատարումը:

Էրդողանը այդ օրինագիծը որակել է որպես վիրավորանք մահմեդականների նկատմամբ:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Էրդողանի արտահայտություններին, հայտարարել է. «նա, ով իր երկրում շարունակաբար խախտում է մարդու իրավունքները չպետք է բարոյականություն և ժողովրդավարության դասեր տա տարածաշրջանում»:

Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում լարվածություն է սկսել առաջանալ այն շրջանից, երբ Թուրքիայում իշխանության են եկել իսլամիստ ԱԶԿականները և դա իր գագաթնակետին է հասել «Մավի Մարմարայի» դեպքից հետո:

2010թի մայիսի 31-ին իսրայելացի զինվորները հարձակվել են միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օժանդակություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա` բեռների ստուգում անցկացնելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու պատճառով:

Հարձակման հետևանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներ էին զոհվել: Անկարան Իսրայելից պահանջում էր պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել տուժածների ընտանիքներին:

Թել Ավիվը ցավ հայտնելով մարդկանց զոհվելու համար` երկար ժամանակ մերժում էր դա, նշելով, որ իր զինված ուժերի գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին:

Երկարատև բանակցություններից հետո Իսրայելը 2016թի սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին փոխանցել էր 20 մլն ԱՄՆ դոլար` որպես փոխհատուցում «Մավի Մարմարա»-ի գործով:

2016թի հոկտեմբերի 13-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը այցելել էր Թուրքիա, և դա 2010թի «Մավի Մարմարա»-ի դեպքից հետո երկրների միջև նախարարների մակարդակով կատարված առաջին այցն էր:

*

*