Իսրայելը կհեռացնի Տաճարի լեռան շուրջ տեղադրված մետաղահսկիչ սարքերը

Անվտանգության այդ միջոցառումների պատճառով բողոքի ալիք էր բարձրացել նաեւ Հորդանանում։
tachari-ler-yerusaxem

Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել հեռացնել Իսրայելի Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետահսկիչ սարքերը. դրանք կփոխարինվեն տեսահսկիչ տեսախցիկներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում կատարելով The Jerusalem Post-ին:

Այսպիսի որոշում է ընդունվել իսրայելական ոստիկանության և անվտանգությամբ զբաղվող ընկերությունների միջև ինտենսիվ բանակցությունների արդյունքում:

Իրավիճակը Երուսաղեմում կտրուկ սրվել էր հուլիսի 14-ից հետո, երբ երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի: Դրանից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի շրջանում գործի էին դրել անվտանգության լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև կառույցի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել:

Սրան հաջորդել էին պաղեստինցիների և իսրայելական ոստիկանների միջև մարդկային կորուստների հանգեցնող բախումներ:

Դրան հաջորդել էր Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայրում երեք իսրայելցիների սպանությունը:

Պաղեստինի իշխանությունները հայտարարել էին, որ չեղյալ են համարում բոլոր պայմանավորվածություններն Իսրայելի հետ։

Հիշեցնենք, որ անվտանգության այդ միջոցառումների պատճառով բողոքի ալիք էր բարձրացել նաեւ Հորդանանում։

 

*

*