Բենիամին Նեթանյահուն վտանգավոր քայլի է դիմում

Նա պատրաստ է իրականացնել Հորդանանին սահմանակից Արեւմտյան ափի գրավյալ տարածքներն Իսրայելին բռնակցելու ծրագիրը:
netanyahu

Իսրայելում սեպտեմբերի 17-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուսատատեսային ուղերձով հայտարարել է, որ եթե հաղթի իր աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունը, ապա ինքը կիրականացնի Հորդանանին սահմանակից Արեւմտյան ափի գրավյալ տարածքներն Իսրայելին բռնակցելու ծրագիրը: Նեթանյահուն պատրաստ է Իսրայելի ինքնիշխանությունը տարածել Հորդանան գետի հովտի եւ Մեռյալ ծովի հյուսիսային հատվածի վրա:

Հորդանանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն խստորեն դատապարտել են Նեթանյահուի հայտարարությունը: Պաղեստինի գլխավոր բանագնաց Սաեբ Էրեկատը հայտարարել է, որ բռնակցումը «պատերազմի հանցագործություն» կդիտարկվի եւ «կթաղի խաղաղության տանող բոլոր հնարավորությունները»: Արաբական լիգան էլ այս վտանգավոր զարգացումն «ագրեսիա» է որակել:

Հիշեցնենք, որ 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո Հորդանանի Արեւտյան ափը, Արեւելյան Երուսաղեմը, Գազան եւ սիրիական Գոլանի բարձունքներն անցել են Իսրայելի վերահսկողության տակ:

1980թ. Իսրայելը բռնակցել է Արեւելյան Երուսաղեմը, մեկ տարի անց էլ՝ Գոլանի բարձունքները, սակայն աշխարհի պետությունների մեծ մասն այդ տարածքներն իսրայելական չեն ճանաչում: Պաղեստինը կարծում է, որ Արեւմտյան ափի տարածքները եւս պետք է մաս կազմեն ապագա Պաղեստին պետության:

*

*