ԱՄՆ-ը ճանաչում է Պաղեստինի տարածքում իսրայելական բնակավայրերը

Այսօր մոտ 600 000 հրեա ապրում է գրեթե 140 բնակավայրերում, որոնք Իսրայելը կառուցել է Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում:
amn,-paxestin-israyel

Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգը հրաժարվում է մոտ 40 տարի գերտերության որդեգրած քաղաքականությունից եւ հայտարարում՝ Պաղեստինի տարածքում իսրայելական բնակավայրերի կառուցումը համապատասխանում է միջազգային օրենքին: Այս մասին ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Տեղեկացնենք, որ 2016թ. վերջերին, երբ նախագահ էր Բարաք Օբաման, Միացյալ Նահանգներն անգամ չէր արգելափակել ՄԱԿ-ի այն բանաձեւը, որը պահանջում էր վերջ դնել հրեաների անօրինական բնակեցմանը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իհարկե, ողջունել է Վաշիգտոնի քայլը՝ ասելով, թե «պատմական սխալն են ուղղել»: Իսկ ահա պաղեստինյան գլխավոր բանագնաց Սաեբ Էրեկաթը կարծում է, որ այս որոշումը վտանգավոր է գլոբալ կայունության, խաղաղության եւ անվտանգության համար ու սպառնում է միջազգային իրավունքը վերածել «ջունգլիների օրենքի»:

Հրեական բնակավայրերի խնդիրը Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ ամենախնդրահարույցներից մեկն է: Այսօր մոտ  600 000 հրեա ապրում է գրեթե 140 բնակավայրերում, որոնք Իսրայելը կառուցել է Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում: Այդ բնակավայրերը միջազգային օրենքով անօրինական են համարվում, չնայած Իսրայելը միշտ վիճարկում է դա: Պաղեստինցիները վաղուց են կոչ անում վերացնել բոլոր բնակավայրերը՝ պատճառաբանելով, որ հրեաների ներկայությունն այդ տարածքում գրեթե անհնար է դարձնում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը:

*

*