Իսպանիայի կառավարությունը որոշեց պաշտոնանկ անել Կատալոնիայի վարչապետին ու փոխվարչապետին

Կատալոնիայում ընտրություններ կանցկացվեն
madrid-artakarg-nist

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ին հրավիրված արտակարգ նիստում որոշում ընդունեց գործի դնել սահմանադրության 155-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Կատալոնիայի ինքնավարությունն ու ինքնակառավարումը չեն դադարեցվում: Որոշում է ընդունվել պաշտոնանկ անել ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարություն) նախագահին, փոխնախագահին եւ խորհրդականներին:

Որոշումն ուժի մեջ կմտնի, երբ այն հաստատի Իսպանիայի սենատը: Ռախոյի խոսքերով՝ կենտրոնական իշխանությունները 4 նպատակ ունեն՝ վերականգնել օրինականությունը , վերադառնալ նորմալ իրավիճակին, վերականգնել տնտեսությունը եւ անցկացնել ընտրություններ: Ընտրությունները կանցկացվեն «հենց վերադառնանք նորմալ իրադրության: Ժամկետը՝ առավելագույնը մինչեւ 6 ամիս»,-նշել է Ռախոյը։

*

*