«ԻՊ»-ը ձայնագրություն է տարածել՝ պնդելով, որ այն խմբավորման առաջնորդ ալ Բաղդադիից է

Ծայրահեղական խմբավորման պարագլուխը զինյալներին կոչ է արել գրավել Թուրքիան:
IP-al-baghdati

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին զինյալներին կոչ է արել չնահանջել Մոսուլից: Խմբավորումը ձայնագրություն է տարածել՝ պնդելով, որ այն ալ Բաղդադիից է: Եթե դա ճիշտ է, կստացվի, որ սա Բաղդադիի առաջին հայտարարությունն է վերջին մեկ տարվա ընթացքում, կհերքվեն նաեւ այն լուրերը, թե նա սպանվել է:

Ձայնագրության մեջ «Իսլամական պետության» առաջնորդը հորդորում է պաշտպանել Մոսուլն Իրաքի բանակի գրոհներից:

Իրաքյան բանակը հոկտեմբերի 17-ից, քրդական ուժերի ու Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի աջակցությամբ, սկսել է երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Մոսուլի ազատագրման գործողությունը: Այն ավելի քան 2 տարի է, ինչ Իսլամական պետության վերահսկողության տակ է: Պարզ չէ, թե արդյո՞ք Աբու Բաքր ալ Բաղդադին Մոսուլում է գտնվում:

Ծայրահեղական խմբավորման պարագլուխը զինյալներին կոչ է արել նաեւ գրավել Թուրքիան, որն, իր պնդմամբ, պայքարում է «Իսլամական պետության» դեմ Սիրիայում ու ցանկանում է մասնակցել Մոսուլի ազատագրման գործողությանը:

«Թուրքիան պատերազմում է Իսլամական պետության դեմ: Այսուհետ Թուրքիան դառնում է ձեր ջիհադի հիմնական թիրախներից մեկը, գրավե՛ք այն, վախ տարածեք այն վայրերում, որտեղ նրանք իրենց ապահով են զգում: Ցույց տվեք ձեր ուժը, ցասման կրակ բացեք թուրքական զինված ուժերի դեմ», — հայտարարել է խմբավորման առաջնորդը՝ կոչ անելով նաեւ խմբավորման համակիրներին հարձակումներ գործել աշխարհի այլ երկրներում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները