Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարներ շրջափակել են գլխավոր ճանապարհներն ու կառավարական շենքերը

Ոստիկանները փորձել են ցրել բողոքավորներին, զգուշացրել, որ ուժ կկիրառեն, բայց՝ ապարդյուն:
honkong-cuycer

Հոնկոնգում այսօր վաղ առավոտից տասնյակ հազարավոր ցուցարարներ շրջափակել են գլխավոր ճանապարհներն ու կառավարական շենքերը:

Ոստիկանները փորձել են ցրել բողոքավորներին, զգուշացրել, որ ուժ կկիրառեն, բայց՝ ապարդյուն: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են եղել: Իրավապահներն արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել: Ավելի քան 2 տասնյակ մարդ վիրավոր է:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքում են օրենսդրական վիճահարույց նախագծի դեմ, որը թույլ կտա կասկածյալներին ու հանցագործներին Չինաստանին արտահանձնել: Ցուցարարները մտավախություն ունեն, որ այս օրենքով Չինաստանը կկարողանա թիրախավորել ընդդիմադիրներին ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, Չինաստանի հատուկ վարչական շրջան հանդիսացող Հոնկոնգն էլ զգալիորեն կզրկվի իր ինքնավարությունից:

Հոնկոնգի Օրենսդրական խորհուրդը, այսօրվա ցույցերի պատճառով, որոշել է հետաձգել օրինագծի քննարկումը: Ամեն դեպքում՝ Հոնկոնգի իշխանությունները չեն պատրաստվում տեղի տալ: Օրենքի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը նախանշված է՝՝ հունիսի 20-ին:

*

*