Ավստրիայի փոխկանցլերը հրաժարական է տվել

Կոալիցիոն կառավարությունն այս սկանդալից հետո փլուզման եզրին է կանգնած
haync-shtraxe-avstria2

Սկանդալի կենտրոնում հայտնված Ավստրիայի փոխկանցլերը հրաժարական է տվել: Պատճառը համաշխարհային ԶԼՄ-ներում տարածված տեսանյութն է, որում Հայնց Քրիստիան Շտրախեն 2017-ի խորհրդարանական ընտրություններում քաղաքական աջակցության դիմաց ռուս մեծահարուստ կնոջը խոստանում է մասնաբաժիններ պետական պատվերներում:

Տեսագրությունն արվել է Ավստրիայի 2017թ. ընտրություններից առաջ՝ Իսպանիայի Իբիցա կղզում: Ի դեպ, համագործակցության դեպքում Ավստրիայում 250 մլն եվրո ներդրում անել պատրաստվող կինը տեսանյութում շեշտում է՝ խոսքն անօրինական ծագման փողերի մասին է: Խոսակցությանը մասնակցել է նաեւ Շտրախեի կուսակիցը՝ «Ազատության» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Յոհան Գուդենսը:

Հիշեցնենք, որ 2017թ. ընտրություններից հետո է ձեւավորվել Ավստրիայի ներկայիս կոալիցիոն կառավարությունը, որի մեջ են մտնում կանցլեր Սեբաստիան Կուրցի պահպանողականները եւ Շտրախեի ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը: Կոալիցիոն կառավարությունն այս սկանդալից հետո փլուզման եզրին է կանգնած։

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*