«Հարվի» արեւադարձային փոթորիկը հասել է Լուիզիանա

Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում մոտավորապես 72 կիլոմետրի:
harvi

«Հարվի» արեւադարձային փոթորիկը հասել է Լուիզիանայի նահանգի ծովափ: Այդ մասին հայտնել է փոթորիկների նախազգուշացման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ փոթորիկը ցամաք է ներխուժել Լուիզիանայի Քեմերոն բնակավայրից մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա: Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում մոտավորապես 72 կիլոմետրի: Ինչպես հայտնել են օդերեւութաբանները, փոթորիկն իր հետ մեծ քանակությամբ տեղումներ կբերի, նախքան Լուիզիանայից հեռանալը: Այնուհետեւ այն կշարժվի Արկանզասի, Թենեսիի եւ Միսուրիի ուղղությամբ:

Տեխասի նահանգում «Հարվի» արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի: Ինչպես ասված է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարության մեջ, տարհանման մասին կարգադրություն է ստացել 1,7 միլիոն մարդ:

«Հարվի» փոթորիկը ԱՄՆ-ի ծովափին հարվածել է օգոստոսի լույս 26-ի գիշերը: Այն դարձել է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման:

*

*