Հալեպում սկսվել է զինյալների ու նրանց ընտանիքների տարհանումը

Հաղորդվում է, որ արդեն ավելի քան 15 ավտոբուս է դուրս եկել քաղաքից, նաեւ մի շարք շտապօգնության մեքենաներ:
halep-zinyal-lqel

 

Հալեպ քաղաքի արեւելյան թաղամասերում այս ժամերին իրականացվում են զինյալների ու նրանց ընտանիքների տարհանման աշխատանքները:

Նրանք քաղաքից հեռանում են հատուկ բացված միջանցքով` ուղղությունը Իդլիբ քաղաք, որը կառավարական զորքերի վերահսկողության տակ չէ:

Հաղորդվում է, որ արդեն ավելի քան 15 ավտոբուս է դուրս եկել քաղաքից, նաեւ մի շարք շտապօգնության մեքենաներ: Նրանց ուղեկցում են ռուս զինվորականներ ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտերի ներկայացուցիչներ:

Ռուսաստանի գլխավոր շտաբից հայտնել են, որ Հալեպից պետք է դուրս գա գրեթե 5 հազար զինյալ:

Սիրիայի իշխանություններն ու Հալեպ քաղաքի արեւելքում գտնվող զինված խմբավորումների ղեկավարները ավելի վաղ էին համաձայնության եկել զինյալների դուրս բերման հարցում: Դա պետք է տեղի ունենար երեկ, սակայն, ռուսաստանյան կողմի պնդմամբ, զինյալները խախտել են հրադադարն ու հարձակում գործել սիրիական բանակի վրա: Գրոհը հետ էր մղվել, տարհանումն էլ՝ հետաձգվել:

Մի քանի տարի շարունակ Հալեպի արեւելյան թաղամասերն իսլամիստ զինյալների, արեւմուտքի պնդմամբ՝ ապստամբների, վերահսկողության տակ էին: Սիրիական բանակի իրականացրած ռազմական լայնածավալ գործողություններից հետո՝ նրանց վերահսկողության տակ է մնում, Մոսկվայի պնդմամբ, ընդամենը 2,5 քառակուսի կիլոմետր տարածք:

*

*