Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ
merkel

Գերմանիայում վերսկսվել են նոր կառավարության ձևավորման վերաբերյալ բանակցությունները «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CSU) և  «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների միջև: Վերոնշյալ երեք կուսակցությունները պատրաստել են համատեղ փաստաթուղթ, որտեղ նշվել է, թե Գերմանիան  ինչպիսի քաղաքականություն կվարի  օրակարգային մի շարք հարցերում:

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ առանձին տեղ է հատկացվել Թուրքիային, որի վերաբերյալ 3 կուսակցությունները միակարծիք են: Ըստ այդմ՝ թեև Գերմանիայի համար Թուրքիան հանդիսանում է կարևոր «դաշնակից և հարևան», այնուամենայնիվ Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ:

«Քանի որ Թուրքիայում ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը անկում է ապրում, իսկ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը` վատթարանում, ապա Թուրքիայի հետ բանակցություններում  նոր էջ  չի բացվի, բայց ոչ էլ կփակվի ներկայիս գործընթացը»:

Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան չի կատարել ստանձնած մի շարք պարտականություններ և որպես դրա հետևանք, պաշտոնական Անկարայի հետ Գերմանիան չի դյուրացնի վիզաների տրամադրման գործընթացը, իսկ մաքսային միության վերաբերյալ պայմանագիրն էլ չի ուժեղացվի:

Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ Մաքսային Միությանը միացել է 1995 թվականին, ինչի շնորհիվ Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 4 անգամ: Թուրքիայի արտաքին առևտրի 40 տոկոսը բաժին է հասնում ԵՄ երկրներին: Թուրքիայում ուղղակի ներդրումների 1/3-ը կատարում են ԵՄ ընկերությունները: 

*

*