Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարարի ու թուրք համայնքի հանդիպումը

Վերջին պահին տեղի իշխանություններն արգելել են միջոցառման անցկացումը:
beqir-bogdagh

Թուրք-գերմանական հարաբերությունները նոր ճգնաժամ են ապրում: Գերմանիայում չեղյալ է համարվել Թուրքիայի արդարադատության նախարարի ու թուրք համայնքի միջեւ հանդիպումը: Բեքիր Բոզդաղը Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեի քարոզարշավի շրջանակում մարտի 2-ին պետք է ելույթ ունենար գերմանական Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին տեղի իշխանություններն արգելել են միջոցառման անցկացումը:

Բոզդաղը խստորեն դատապարտել է գերմանացիների այս քայլը՝ ասելով, թե Գերմանիան դարձել է ահաբեկիչների ապաստարան: Թուրք նախարարը նաեւ չեղյալ է համարել գերմանացի պաշտոնակցի հետ հանդիպումը: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե Բեռլինը թույլ է տալիս Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցությանը» հանրահավաքներ կազմակերպել Գերամնիայում, իսկ իրենց՝ ոչ:

Նա նշել է, որ Թուրքիան երկրորդ կարգի երկիր չէ, հորդորել Բեռլինին Անկարային իբրեւ հավասարի վերաբերել՝ հիշեցնելով, որ նախկինում էլ Գերմանիան նման որոշումներ կայացրել էր: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հակադարձելու է նման որոշմանը: Նրա կարծիքով, Գերմանիայում չեն ցանկանում, որ Թուրքիան քարոզարշավ իրականացնի իրենց երկրում, քանի որ փորձում են խանգարել Թուրքիայի իշխանություններին հաղթանակ տանել հանրաքվեում:

Պարզաբանումների համար Թուրքիայում Գերմանիայի դեսպանն էլ կանչվել է արտգործնախարարություն: Գերմանիայում բնակվող ավելի քան 1 միլիոն մարդ է գրնացված Թուրքիայի ընտրողների ռեգիստրում: Այդ երկրում սահամանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն նախանշված է ապրիլի 16-ին:

*

*