Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

...թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների պատճառով
turqia-germania

Պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ կապված այդ երկրում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ այդ երկրում Գերմանիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է հանձնվել թուրքական կողմի բողոքի նոտան:

«Մենք այստեղից Գերմանիայի կառավարությանն ասում ենք, որ ովքեր էլ լինեն այդ հանցագործները, այդ երկրի, կառավարության պարտավորությունն է նրանց ձերբակալել և կանգնեցնել դատարանի առաջ: Ցավոք սրտի մինչ օրս թուրքերի դեմ իրականացված գործողությունների մեծ մասը մնում է չբացահայտված»,- ասել է Բոզդաղը՝ նշելով, որ իրենք շարունակելու են ուշի ուշով հետևել իրադարձությունների զարգացմանը:

Նախորդ շաբաթվա վերջին Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ Բեռլինում, Իտցեհոյում, Լաուֆֆենում հարձակումներ են իրականացվել թուրքական մզկիթների վրա: Հարձակվողները կոտրել էին ապակիները, նետել էին «մոլոտովի կոկտեյլներ»: Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի անձի: Նշվում է, որ այդ գործողությունները կարող են պայմանավորված լինել սիրիական Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների դեմ բողոքով:

*

*