Մարին Լը Պեն ընտրվելու դեպքում Frexit-ի հանրաքվե կանցկացնի

Հարցումների համաձայն, Լը Պենը կդառնա ապրիլի 23-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլի ֆավորիտը:
marin-ly-pen

 

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը վերահաստատել է իր հանձնառությունը՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կես տարվա ընթացքում երկրում հանրաքվե անցկացնել՝ Frexit-ի՝ Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու շուրջ:

Փետրվարի 5-ին Լը Պենը Լիոնում ազդարարել է երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում իր ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, խոստացել կարգուկանոն հաստատել երկրում: Նա նշել է, որ Եվրամիությունը ձախողվել է, չի կատարել իր խոստումներից եւ ոչ մեկը: Հարցումների համաձայն, Լը Պենը կդառնա ապրիլի 23-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլի ֆավորիտը: Սակայն երկրորդ փուլում, որը նախանշված է մայիսի 7-ին, կանխատեսում են նրա պարտությունը:

Հարցման համաձայն` հաղթող կդառնա երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը:

Ավելի վաղ, նախագահական ընտրությունների հնարավոր հաղթող էր համարվում հանրապետության նախկին վարչապետ, հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնը, սակայն նրա վարկանիշն աստիճանաբար ընկնում է՝ Ֆիյոնի կնոջ աշխատանքի տեղավորման հետ կապված սկանդալի ֆոնին:

Հաղորդվում է, թե Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել է Ազգային ժողովումն ամուսնու օգնականն ու համապատասխան վարձատրություն ստացել, սակայն ոչ մի կոնկրետ աշխատանք չի կատարել: Ֆրանսիայում այժմ շատերը պահանջում են, որպեսզի Ֆիյոնը հանի իր թեկնածությունը: Սակայն Ֆրանսուա Ֆիյոնը, հերքելով մեղադրանքը, խոստացել է մինչեւ վերջ պայքարել:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*