Մակաբույծից միչեւ «փակման» թեկնածու. Ֆրանսիայում նախագահի թեկնածուները փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել

Էմանուել Մակրոնը հեռուստաբանավեճի ժամանակ շատ ավելի տպավորիչ էր՝ ըստ սոցհարցումների:
makron-le-pen

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ժամանակ շատ ավելի տպավորիչ էր, քան նրա մրցակից Մարին Լե Պենը: Այս մասին վկայում են սոցհարցումները:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախապատվությունը Մակրոնին է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը: Հեռուստաբանավեճը թեժ մթնոլորտում է անցել: Թեկնածուներն ավելի քան 2 ժամ անդադար մեղադրել են միմյանց:

Ծայրահեղ աջերի թեկնածու Մարին Լե Պենի կարծիքով, կենտրոնամետ Մակրոնն «փակման» թեկնածու է. նա ցանկանում է փակել գործարաններ, ոստիկանական բաժանմունքներ, հիվանդանոցներ, եւ միակ բանը, որ Մակրոնը չի ցանկանում փակել, դա, ըստ եվրասկեպտիկ Լե Պենի, երկրի սահմաններն են:

Մակրոնն էլ իր մրցակցին մեղադրել է ստի ռազմավարության կիրառման համար: Նա Լե Պենին նաեւ մակաբույծ է անվանել, որը երկիրը կտանի դեպի քաղաքացիական պատերազմ: 39-ամյա Էմանուել Մակրոնը քննադատել է նաեւ 48-ամյա Լե Պենի՝ եվրոգոտին լքելու ծրագրերը: Լե Պենն էլ կարծիք է հայտնել, թե, այսպես թե այնպես, Ֆրանսիան կին է ղեկավարելու. կա՛մ ինքը, եթե ընտրվի, կա՛մ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, քանի որ, ծայրահեղ աջերի թեկնածուի կարծիքով, Մակրոնը ոչինչ չի կարող անել առանց Մերկելի հավանությունը ստանալու:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա արդեն այս կիրակի:

*

*