Ֆրանսիայում դպրոցականներին արգելել են օգտվել սմարթֆոններից

Սմարթֆոն ունի 12-ից մինչեւ 17 տարեկան դպրոցականների 90 տոկոսը
yerekha-smartphone

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որը տարրական եւ միջին դասարանների աշակերտներին (մինչեւ 15 տարեկան երեխաներին) արգելում Է դպրոցում օգտվել շարժական հեռախոսներից, տեղեկացնում է BBC-ն:

Օրենքի նախաձեռնողը երկրի կրթության նախարարությունն է. այնտեղ կարծում են, որ արդյունքում երեխաները կսկսեն ավելի շատ ժամանակ հատկացնել պարապմունքներին, բացի դրանից, դա կօգնի համացանցում դպրոցականների հետապնդումների եւ պոռնոգրաֆիայի դիտումների դեմ պայքարում:

Օրինագծի համաձայն, ուսուցիչները նույնպես պետք Է իրենց հեռախոսները հեռու պահեն՝ աշխատանքի ժամանակ գտնվելով դպրոցի տարածքում:

Եթե օրինագիծը հավանության արժանանա սենատորների կողմից, այն ուժի մեջ կմտնի արդեն սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա սկզբին:

Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել Է 2016 թվականին, սմարթֆոն ունի 12-ից մինչեւ 17 տարեկան դպրոցականների 90 տոկոսը:

Օրենքը քննադատողները, սակայն, պնդում են, որ արգելքը գործնականում հնարավոր չի լինի կյանքի կոչել եւ վերահսկել դրա կատարումը:

*

*