Ֆրանսիայում զանգվածային ցույցերի հետեւանքով 24 ոստիկան վիրավորվել է

Ֆրանսիայում աշխատանքային օրենսդրության փոփոխության դեմ զանգվածային ցույցերը շարունակվում են:

Ֆրանսիայում աշխատանքային օրենսդրության փոփոխության դեմ զանգվածային ցույցերը շարունակվում են: Տասնյակ հազարավոր մարդիկ էին երեկ դուրս եկել Փարիզի եւ Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքների՝ Մարսելի, Ռենի, Նանտի, Լիոնի փողոցներ: 24 ոստիկան վիրավորվել է, ավելի քան 100 ցուցարար ձերբակալվել:

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սուր բախումներ են գրանցվել հատկապես մայրաքաղաքում: Հավաքվածները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, վերջիններն էլ, ի պատասխան, արցունքաբեր գազ են կիրառել: Ցույցերի պատճառով «Օռլի»ի օդանավակայանում չեղարկվել է չվերթների 20 տոկոսը, հետաձգումներ են եղել նաեւ «Շառլ դը Գոլ»-ում:

Քննադատվող օրինագծով հնարավորություն է տրվոում գործատուներին ավելացնել աշխատանքային ժամերը, կրճատել արտաժամյա վարձատրությունն, ինչպես նաեւ պարզեցնել աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից հեռացնելու գործընթացը: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը օրինագիծը կքննարկի հաջորդ շաբաթ: Մայիսի 1-ին կրկին զանգվածային ցույցեր են նախատեսվում:

*

*