Ֆրանսիայում բախման հետեւանքով տուժել է առնվազն 15 ոստիկան եւ 4 ցուցարար

Ֆրանսիայում նախօրեին հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝ բողոքելու աշխատանքային օրենսդրության նոր փոփոխությունների դեմ:
fransia
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում նախօրեին հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝ բողոքելու աշխատանքային օրենսդրության՝ ամռանը հաստատված փոփոխությունների դեմ: Դրանով հնարավորություն է տրվում գործատուներին ավելացնել աշխատանքային ժամերը, կրճատել արտաժամյա վարձատրությունը, ինչպես նաեւ պարզեցնել աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից հեռացնելու գործընթացը:
Արհմիությունների անդամները, օրենքի ընդունումից հետո էլ, չեն պատրաստվում դադարեցնել պայքարը: Ասում են՝ այլ ճանապարհներ կգտնեն ցանկալի արդյունքին հասնելու համար, օրինակ՝ դատական գործընթացներ կսկսեն: Ի դեպ, ցույցի ժամանակ բախումներն անխուսափելի են եղել:
Մասնակիցների մեծ մասը խաղաղ քայլերթ է անցկացրել, սակայն ցուցարարների մի խումբ սկսել է քարեր ու փայտեր նետել ոստիկանների ուղղությամբ: Վերջիններն էլ արցունքաբեր գազ են կիրառել՝ ցույցը ցրելու համար: Բախման հետեւանքով տուժել է առնվազն 15 ոստիկան եւ 4 ցուցարար: Կան բերման ենթարկվածներ:
Իշխանությունների տվյալներով, ընդհանուր առմամբ, ողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 78 հազար մարդ, միայն 13.000-ը Փարիզում: Թեեւ ցույցի կազմակերպիչները պնդում են, որ մասնակիցների թիվը երկու անգամ ավելի շատ է եղել: Ամիսներ առաջ էլ, մինչ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների ընդունումը, երկրում անցկացվող զանգվածային ցույցերը կաթվածահար էին անում Ֆրանսիան:

*

*